Մի՛ խաղա ուրիշի զգացմունքների հետ

(նրան՝ դստերս)

Իմ հեռավոր երկինք, բա՜րև։
Ինչու՞ քեզ այսպես կոչեցի։ Բանն այն է, որ երբ դու վերջապես ձեռքդ վերցնես այս գիրքը, ինձ նայելու ես էջերի ու տառերի միջով, ինչպես Խաղաղ օվկիանոսի ջրերին՝ ինքնաթիռի պատուհանից, ինչպես հարավաֆրիկյան վայրի ցեղերին, ինչպես սև-սպիտակ մի ֆիլմ․․․
Քեզ կթվա, թե ես հինավուրց, դարավոր մեկն եմ և իմ ժամանակներում մարդիկ աշխարհը տեսնում էին սև ու սպիտակ երանգներով։

Ժպտում եմ։
Ժամանակները փոխվում են, համաձայն եմ, բայց մարդկանց զգացմունքները՝ ոչ։
Ես ուզում եմ ասել քեզ, անհա՜ս իմ, որ պետք է փայփայել ամեն մարդու, որ երբևէ մտել է քո կյանք։ Դա շատ կարևոր է, հավատա՛ ինձ։ Չես սիրում, ատում ես, արհամարհում ես ողջ հոգով, ուրեմն ուղղակի բա՛ց թող։ Մի՛ խփիր, մի՛ սպանիր, մարդուն վատը մի՛ ցանկացիր՝ անիծելով։ Ուղղակի բա՛ց թող, ուղղակի մոռացի՛ր։
Այս կյանքում քեզ ի վերջո կվերադառնա բումերանգի պես ամեն բան, բարձրում սավառնող իմ, ուզես թե չուզես։ Գիտես դա, թե ոչ։ Ցավում եմ, բայց այդպես է լինելու։
Ես մի առիթով համոզվեցի, որ իմ կյանքին առնչված ամեն մարդ՝ լավ կամ վատ, գեղեցիկ կամ ոչ այնքան, հարուստ թե աղքատ, իմ ուղեկիցն է ժամանակի որոշակի ընթացքի համար։ Սա «կյանք» անունով  գլուխկոտրուկի մի մասնիկն է։ Շատ դժվար է ցավ չպատճառել, երբ այնպես մեծ է ցանկությունը։ Ծայրահեղ դժվար է երբեմն քո մեջ գտնել մարդուն։
Ես կոչ չեմ անում ձախ այտը դեմ տալ, երբ կապտակեն աջ այտիդ, տվյալ դեպքում ես խորհուրդ եմ տալիս առանց հապաղելու ջարդել քիթը։ Ես կոչ եմ անում ցավ չպատճառել այն անվնաս, անպաշտպան էակներին, որոնք մի օր կտեսնեն քո մեջ  միմիայն ամենահիասքանչը, բոլոր արժանիքներդ, այն բարի մարդկանց, որոնք կուրորեն սիրահարված կլինեն քեզ։
Մի՛ խաղա ուրիշի զգացմունքների հետ, փոքրի՜կս, անգամ եթե քո տարերքը կրակն է, իսկ նրանցը՝ օդը կամ ջուրը։ Չես սիրում, ատում ես, քանի որ հիասթափվել ես մարդուց, ուղղակի բաց թող նրան։ Ասա, որ չես կարողանա, որ չես թելադրի, որ այլևս անհնար  է հարություն տալ․․․ Ասա այնպես, ինչպես որ կա։ Բայց մի՛  ծեծիր օրեր շարունակ, մի՛ արա նրան այն, ինչ որ չէիր ցանկանա ինքդ քեզ։
Մայրդ ինձ հաճախ էր ասում ճոճանակի մասին․ որքան երկար, տևական է այն ճոճվում, այնքան ուժեղ է լինելու հաջորդած հարվածը։

Խոստմանը հավատարիմ լինելու կարևորության մասին
(նրան՝ որդուս)

Եզակի տաղանդ է տված խոստումը պահելը։ Այս վեհ կարողությունը չի ծնվում մարդու հետ, գենետիկորեն չի փոխանցվում և չի առաջանում տարիքի հետ։ Այն կարելի է միայն դաստիարակել ինքդ քո մեջ։ Ընտելացնել ինքդ քեզ՝ ապրել քո կողմից ասված բառի շուրջ։
Ամոթալի չէ ասել «ոչ», «չի ստացվում», «չեմ կարող», բայց ահա եթե մարդուն ինչ-որ բան ես խոստացել ու չես պահել խոստումդ, ուրեմն թուլություն ես ցուցաբերել։ Չպահած խոստումը առաջին հերթին թուլության նշան է, կամքի բացակայության, անպատասխանատվության։
Մարդիկ իրենց բնույթով չեն սիրում անպատասխանատու էակներին և գրեթե միշտ լուրջ չեն ընդունում այդպիսիներին։ Ուղղակի ինչ-որ մի պահի նրանք կդադարեն քեզ հետ շփվել, կխզեն բոլոր կապերը։
Խոստումը պահելն արարք է։ Արարքը՝ արդյունքն է մարդկային ջանքերի, որոնք ուղղված են որոշակի գործողությունների, նույնսիկ եթե մարդը բնավ չի ուզում գործել։ Իսկ ասել և չանել․ սա արդեն հարմարվողականություն է, պլանկտոնին բնորոշ հատկությունների արտահայտություն։ Անկեղծ լինեմ, եթե հստակ գիտես, որ չես անելու, ավելի լավ է պատասխանիր,որ չես կարող, հակառակ դեպքում քեզնից կհիասթափվեն և կսկսեն վերաբերվել լրիվ այլ կերպ։
Գիտե՞ս՝ ինչու են տղամարդկանց միջավայրում շատ գնահատում խոսքին հավատարիմ մարդկանց։ Որովհետև այդպիսով կարելի է հայտնաբերել տղամարդու ոգին կամ էլ բնավ չհայտնաբերել այն։ Կալանավայրերում խոստումը չպահող մարդկանց հայհոյում են, իսկ մեր աշխարհում անվանում են պարզապես դատարկախոս։
Հաճախ մենք տարիներ շարունակ գդալ-գդալ հավաքում ենք մեր հանդեպ հարգանքը, և մի սխալ արարքի պատճառով այն դեն նետում դույլերով։
Բառը, որդիս, ուղղակի ձայն չէ։ Խոստումը քո վերաբերմունքն է մարդուն, ում դու այն խոստացել ես։ Խոստումը քո ուժի գոյության կամ դրա բացակայության ցուցիչն է։ Խոստումը քո ոգին է, կամ էլ ուղղակի գոլորշի է քո բերանից։
Միլիոն տոկոսով համոզված եմ այն ամենում, ինչ գրում եմ հիմա․ կատարածդ խոստումներով են դատելու քո մասին։

Թարգմանությունը՝  Մարինա Գևորգյանի